ՏԻՐԱՆ  ՄԱՐՈՒԹՅԱՆ

(1911 – 2007)

          Տիրան Հարությունի Մարությանը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 24-ին Ղշլաղ գյուղում (այժմ Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս): Հոր՝ Հարություն Ներսեսի Մարությանի (1878-1918) ծնողները գաղթել էին Ալաշկերտից և հաստատվել Ղարաքիլիսայում (այժմ Վանաձոր), մոր՝ Բավական Անտոնի Ափինյանի (1888-1969) ընտանիքը հենց Ղշլաղից էր։ Տիրանն (ընտանիքում գործածվող անունը Արտաշես) ուներ ավագ եղբայր՝ Գարեգին (1907-1943), ավագ քույր՝ Մանյակ (1909-1980) և կրտսեր քույր՝ Վարդանուշ (1918-2001)։ Հոր մահվանը հաջորդող դժվար տարիներին պատանի Տիրանն ավագ եղբոր ու քրոջ հետ 1920-1923 թթ. եղել է Ղարաքի­լիսայի և Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) ամերիկյան որբանոցների սան։ Տես ավելին.

         Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլու և Ղշլաղի դպրոցներում, 1925-30 թթ. սովորել և ավարտել է Ղարաքիլիսայի միջնակարգ դպրոցը։ 1930 թ. աշխատել է Ղարաքիլիսայի քիմկոմբինատի, ապա և Ձորագէսի շինարարություններում որպես բանվոր։ 1930-35 թթ. սովորել և ավարտել է Երևանի շինարարական ինստիտուտի (ներկայումս՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան) ճարտարապետական բաժինը, 1937 թ. գերազանց գնահատականով պաշտպանելով դիպլոմային աշխատանք՝ ստացել է ինժեներ-ճարտարապետի որակավորում։

         1935-37 թթ. ունկնդրել է Հայաստանի գրողների միությանը կից Գրական համալսարանի դասընթացը, ուր այդ ժամանակ դասավանդում էին հայ մշակույթի մեծանուն գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Եղիշե Չարենցը, Արսեն Տերտերյանը, Խաչատուր Կանայանը, Խորեն Սարգսյանը և ուրիշներ:

         Տ. Մարությանը 1933-35 թթ. աշխատել է ակադեմիկոս Ալ. Թամանյանի քաղաքաշինական, ապա և ճարտարապետ Գ. Քոչարի «Գիպրոգորի» նախագծային արվեստանոցներում։ 1935-39 թթ. նա աշխատել է Հայաստանի հողժողկոմատի գյուղերի հատակագծման և վերաբնակեցման բյուրոներում որպես ավագ ճարտարապետ։ 1939-ից մինչև թոշակի անցնելը (1992) Տ. Մարությանն աշխատել է «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում (1952 թ.-ից՝ գլխավոր ճարտարապետ): 1942 թ. փետրվարից մինչև 1946 թ. մարտը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան ճակատի զորամասերում։

         «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում աշխատելու տարիներին Տ. Մարությանը կազմել է Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանների (մասնավորապես՝ Սևան-Հրազդան և Որոտան կասկադների) համալիրների ճարտարապետական նախագծերը, այդ թվում՝ Սևանի ստորերկրյա ՀԷԿ-ի վերերկրյա շինությունները, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնիի, Երևանի (նոր), Շամբի, Սպանդարյանի, Տաթևի (վերջինս՝ հեղինակային խմբի կազմում) հիդրոհանգույցների մասնաշենքերն ու կառուցվածքները: Նրա նախագծերով նման շինություններ են կառուցվել նաև Հյուսիսային Օսիայում (Զարամագի I, II), Կաբարդինո-Բալկարիայում, Գանայում (վերջինս՝ հեղինակային խմբի կազմում):

         Տ. Մարությանը կազմել է Արարատյան դաշտի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի վերակառուցման հատակագծերը, նրա կազմած գլխավոր հատակագծերով են ստեղծվել մոտ 15 նոր բնակավայրեր, այդ թվում Լուսավան (ներկայումս՝ Չարենցավան) և Գագարին քաղաքները, Աջափնյա Սիսիանը, Լուսակերտը, Արզնին (այժմ՝ Առողջարան թիվ 1), Ջերմուկի Կեչուտ բանավանը և այլն: Տ. Մարությանի նախագծերով են իրականացվել 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ ու ակումբներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր, փողոցներ, հրապարակներ, աղբյուր-հուշարձաներ: Այս կարգի կառույցներից հիշարժան են Հրազդանի մշակույթի տունը, Կապանի երաժշտական ուսումնարանը, Երևանի կոոպերատիվ տեխնիկումի շենքը (ներկայումս՝ Ճարտարագիտական համալսարանի մասնաշենքերից՝ Կորյունի փողոցի թիվ 12), Մոսկովյան փողոցի թիվ 8, Ազատության պողոտայի թիվ 1-12 բնակելի շենքերի համալիրը, Ղշլաղ և Օշական գյուղերի աղբյուր-հուշարձանները և այլն: Ճարտարապետի գործունեության այս դրվագները առավել ամբողջական են արտացոլված Հայաստանի ճարտարապետների միության ջանքերով 2002 թ. լույս տեսած «Հայ ճարտարապետության վարպետները» շարքի Տիրան Մարությանին նվիրված գրքույկ-ալբոմում։

         1959 թ. ի վեր, ամենօրյա աշխատանքային օրվան զուգընթաց Տ. Մարությանը զբաղվել է հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերով, հեղինակել վեց ծավալուն, բովանդակալից, պրոբլեմատիկ հարցեր ընդգրկող մենագրություններ՝ «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» (1963), «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (1972), «Ավանի տաճարը» (1976), «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (1978), «Архитектурные памятники Звартноц, Аван, Собор Анийской Богоматери…» (1989), «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» (2003), շուրջ երեք տասնյակ հոդվածներ: Նկատենք, որ վերոհիշյալ ռուսերեն մենագրությունը Տ. Մարությանին դարձրել է Ճարտարապետության համաշխարհային բիենալեի դափնեկիր (1991, Սոֆիա): 1967 թ. Տ. Մարությանը «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1992 թ.՝ «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» ատենախոսության պաշտպանությամբ ստացել է ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան։

         Այսպիսով, եթե Տիրան Մարությանի կառույցներից շատերը զարդարում են հանրապետության բազմաթիվ բնակավայրերը, ապա նրա գիտական աշխատությունները խոշոր ներդրում են հայ ճարտարապետության պատմության ակտիվում. այս կերպ՝ այսինքն միաժամանակ լինելով պրակտիկ ճարտարապետ և ճարտարապետության պատմության մասնագետ, Տ. Մարությանն առանձնանում է իր գործընկերների շրջանում։

         Տ. Մարությանը բանաստեղծություններ է գրել աշակերտական տարիներից ի վեր։ Նրա գրվածքների վերաբերյալ դրականորեն են արտահայտվել Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Մարո Մարգարյանը: Առաջին անգամ նրա մի քանի փոքրածավալ բանաստեղծությունները տպագրվել են «Կամուրջներ» ալմանախում (1989), ապա՝ «Գարուն» հանդեսում (1997, թիվ 2): Բանաստեղծությունների առաջին ծավալուն ժողովածուն՝ «Օրեր, տարիներ» վերտառությամբ հրատարակվել է 1999 թ., Մարո Մարգարյանի առաջաբանով, իսկ երկրորդ ժողովածուն՝ «Կտրվեց մորս թզբեհի թելը»՝ 2003 թ.։

         Տ. Մարությանը Ճարտարապետների միության անդամ էր 1935 թ.-ից, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության երեք պատվոգրերով (1945, 1953, 1960 թթ.), 1961 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման, շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության անդամ։ 2002 թ. Տ. Մարությանը պարգևատրվել է Ալ. Թամանյանի ոսկե մեդալով։

         Տիրան Մարությանը կյանքից հեռացավ 2007 թ. նոյեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շրջապատված կնոջ, զավակների և թոռների ուշադրությամբ։ Նա հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Փակել պատուհանը.


 

Copyright © 2011 by Harutyun Marutyan. All rights reserved.